Ք. Երևան, Կիևյան 11ա
հեռ. 091-691-691, 096-691-691, 011-691-691

ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՐԲ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ

 

Մկրտություն նշանակում է "լվացում", "մաքրություն", որը կատարվում է ջրով` սրբելու, մաքրելու համար մկրտվողի մեղքը, որը կոչվում է առաջին կամ սկզբնական մեղք: Մկրտությունը կոչվում է նաեւ վերստին ծնունդ, որովհետեւ մկրտվողը սրբվում է, մաքրվում իր մեղքերից եւ նորից ծնվում Սուրբ Ավազանից: Այս նոր եւ հոգեւոր ծնունդը մկրտվածին դարձնում է Քրիստոսի եկեղեցու անդամ: Սուրբ Գրքից գիտենք, որ Ադամը չպահպանեց աստվածային պատվիրանն իր դրախտային կյանքում, եւ այդ պատվիրանազանցությունը ժառանգաբար սերնդեսերունդ անցել է բոլոր մադրկանց, եւ մարդկությունն ապրում է այդ մեղքերի մեջ:
 

      Տերը մկրտվեց Հորդանան գետում` Հովհաննես Մկրտչի կողմից: Մկրտվեց` մեղավոր մարդկանց ցույց տալու, թե մկրտությունն անհրաժեշտ պայման է վերստին կամ հոգեւոր ծննդյան համար:
      Իր առաքյալներին Քրիստոս ուղարկեց քարոզության, պատվիրեց նրանց. "Գնացե'ք աշակե'րտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե'ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով" (Մատթ. ԻԸ:19):
      Մկրտության պայմանը հավատքն է: Մկրտվողը պետք է հավատա Ամենասուրբ Երրորդությանը, որովհետեւ ինչպես Քրիստոս ասաց. "Նա, ով հավատում է եւ մկրտվում, պիտի փրկվի, իսկ նա, ով չի հավատում, պիտի դատապարտվի" (Մարկ. ԺԳ:16), քանզի մկրտվածների զորավոր հավատքով եւ մաքուր կյանքով է, որ պայծառանում է Եկեղեցին, եւ փառավորվում է քրիստոնեությունը, քանի որ Մկրտության խորհրդի նպատակն է սրբացնել մարդկանց եւ դարձնել Աստծո որդեգիրը` քրիստոնեական եկեղեցու անդամակցությամբ:
      Դրոշմը մկրտության անբաժան մասն է: Ջրով մկրտվելուց անմիջապես հետո երեխան դրոշմվում է կամ օծվում մյուռոնով կամ սուրբ յուղով: Դրոշմը նաեւ նշանակում է կնիք, եւ այս պատճառով մկրտությունը կոչվում է նաեւ կնունք: Դրոշմը խորհրդավորում է Սուրբ Հոգու շնորհը: Սուրբ Հոգին հայտնվեց Փրկչի Մկրտության ժամանակ եւ աղավնակերպ իջավ Նրա վրա: Սրբալույս մյուռոնը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա:
      Մյուռոնի բուն նյութը ձիթենու յուղն է` ձեթը, բայց նրա հետ նաեւ խառնում են 40-ից ավելի անուշահոտ նյութեր (ծաղիկներ, արմատներ), որոնցից ամենագլխավորը բալասանն է:
      Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում մյուռոն պատրաստելու եւ օրհնելու իրավունքը վերապահված է կաթողիկոսին: